Volkswagen ավտոկոնցեռնի բաժնեմասերը Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում 4.6 տոկոսով աճել են ընկերության նախագահի հրաժարականի ֆոնին։ Բաժնեմասների արժեքը բորսայի բացման պահին կազմել է 116.6 եվրո։ Ավտոկոնցեռնի բաժնեմասերը 2 օր շարունակ աճ են գրանցում։ Չորեքշաբթի բաժնեմասերը աճել են 4 տոկոսով, ինչը մասնագետները բացատրում են շաբաթվա սկզբում 20-տոկոսանոց անկումից հետո առաջացած պահանջարկով։
Նախօրեին Volkswagen-ի կառավարման նախագահ Մարտին Վինթերքորնը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ բացահայտվել էր ընկերության կեղծարարությունը։ Շրջակա միջավայրի պաշտպանության ամերիկյան գործակալությունը հայտնաբերել էր, որ Audi A3, Jetta, Beetle, Golf եւ Passat մեքենաներում հատուկ սարք է տեղադրված եղել, որը էկոլոգիական թեստերի ժամանակ միացնում է ֆիլտրերը, ինչի շնորհիվ մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի քանակն ավելի քիչ է երեւում, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
«Volkswagen-ը նոր մեկնարկի կարիք ունի, այդ թվում՝ կադրային առումով։ Ես ազատում եմ իմ տեղը եւ հրաժարական եմ տալիս, որպեսզի ճանապարհ բացեմ նոր մարդկանց համար»,- հայտարարել է Վինթերքորնը։





























