Իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին օգոստոսի 5-ից ցուցված է եղել ստացիոնար բուժում, ինչը չի կատարվել: Այս մասին NEWS.am-ին ասաց ցմահ ազատազրկվածի պաշտպանը՝ Գրիշա Բալասանյանը՝ նշելով, որ «Էրեբունի» ԲԿ-ի բժշկի կողմից է նման ցուցում եղել:

«Բժիշկը գրել է, որ Սողոմոնը բուժումը շարունակի «Դատապարտյալների հիվանդանոցում», սակայն նրան նորից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ու ինքն այդ ծանր հիվանդությամբ եղել է խցում: Օգոստոսի 14-ին նորից է վատացել, բերել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ նորից չեն պառկեցրել եւ հետ են տարել խուց: Դրա հետեւանքով նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է»,- ասաց փաստաբանը:

Գրիշա Բալասանյանը աբսուրդ է համարում, որ Դատաբժշկական սոցիալական հանձնաժողովը նիստ չի գումարում եզրակացություն տալու համար՝ արդյոք Սողոմոն Քոչարյանը ի վիճակի է  կրել պատիժը, թե ոչ:

«Նրանք ասում են, որ սպասում են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերջնական ախտորոշմանը նրա առողջական վիճակի մասին, ինչը աբսուրդ է, որովհետեւ վերջնական որոշում «Էրեբունի» ԲԿ-ն է տրամադրել, իսկ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ընթացիկ ախտորոշում է տվել, քանի որ Սողոմոնը շարունակում է մնալ հիվանդանոցում: Քրեակատարողական վարչությունը փորձում է ընդամենը բառախաղով ժողովրդավարություն խաղալ»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ Սողոմոն Քոչարյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Նշենք, որ Սողոմոն Քոչարյանը այժմ գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որտեղ նրան խնամում է մայրը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015թ. օգոստոսի 20-ին «Էրեբունի» ԲԿ-ից Սողոմոն Քոչարյանի մորը տրամադրվել է որդու ախտորոշումը: Ըստ այդմ, 20 տարի անազատության մեջ գտնվող, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: