«Վերնիսաժի գործով» ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի փաստաբանը համաձայն չի իր պաշտպանյալին 2 տարի 6 ամսով ազատազրկման դատապարտելու` դատախազի պահանջի հետ, ավելին` նա պնդում է, որ Վալերիկը պետք է ոչ թե մեղադրվող, այլ տուժող լիներ:

«Խուլիգանության մասին խոսք լինել չի կարող, ինքը տուժող է, մեքենայի մեջ նստած, եկել են կրակել են իր վրա:  Շատ խիստ, անհամապատասխան պատիժ է, վերջին անգամ չեմ հիշում, թե երբ է խուլիգանության համար այդքան պահանջվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը` Արայիկ Ալվանդյանը:

Արայիկ Ալավերդյանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է, առաջացել են հետվիրահատական բարդություններ` ճողվածքի նախանշաններ կան: 

Փաստաբանի խոսքով` արդար դատավճիռ կլինի միայն այն դեպքում, եթե իր պաշտպանյալն արդարացվի:

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել է ամբաստանյալ Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման: Ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանի համար դատախազը պահանջել է 2 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանի համար՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: