Սոչիում ռուս ընկերոջը պաշտպանած Սարգիս Կրբաշյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սոչիի «Ժողովրդական հիշողություն» քաղաքային կազմակերպության նախագահ Արթուր Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Արքայական Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւորական Լազարը ծեծի էր ենթարկել ազգությամբ ռուս տեղի բնակչի, որին օգնության էր հասել նրա հայ ընկերը՝ Սարգիսը:
Արթուր Գեւորգյանի խոսքով, սեպտեմբերի 25-ին ծեծված ռուս տղամարդուն եւ Սարգիս Կրբաշյանին Ոստիկանություն են կանչել՝ հարցաքննության: «Հոգեւորականը ոստիկաններին հայտարարել է, որ Սարգիսը, իբր, մահակով ծեծել է իրեն: Դրանից մեկ ժամ անց Սարգսի տանը խուզարկություն են անցկացրել, մահակ են փնտրել, բայց ոչինչ չեն գտել»,- պատմեց Արթուր Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին վանական Լազարը հարբած վիճակում իր սեղանակիցների հետ միասին ծեծել է ազգությամբ ռուս մի տեղաբնակի, իսկ երբ վերջինի հայ ընկերը փորձել է պաշտպանել նրան, Լազարը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հայ ժողովրդի հասցեին՝ վիրավորելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջադեպը տեղի է ունեցել բազմաթիվ վկաների ներկայությամբ եւ տեսագրվել է հեռախոսով:




























