Ղազախստանի Գլխավոր դատախազությունը պլանավորում է 2016թ. ստանալ ԱՊՀ տարածքում անչափահասների նկատմամաբ սեռական ոտնձգություն թույլ տված բոլոր անձանց տվյալների բազան։ Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Կրավչենկոն։

Ավելի վաղ Կրավչենկոն առաջարկել էր մուտքի արգելանք սահմանել այն օտարերկրացիների համար, որոնք նախկինում ազատազրկվել են անչափահասների բռնաբարության համար։

«Եթե մենք հստակ իմանանք, որ այդ մարդը անչափահասների նկատմամբ բռնություն է կիրառել, հատկապես սեռական բնույթի, ապա նման տեղեկություն ունենալու դեպքում, Ղազախստանի սահմանապահ ծառայությունը ուղղակի կհրաժարվի նրան Ղազախստան մտնելու թույլտվություն տալ։ Սակայն ամենագլխավորը արտասահմանյան մեր գործընկերներից տվյալների բազա ստանալն է։ Ես կարծում եմ, որ ԱՊՀ երկրներից մենք այդ տեղեկությունը կստանանք արդեն եկող տարի»,- ասել է Կրավչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։