«Թալիբան» շարժման գրոհայինները Աֆղանստանի հյուսիսում մի քանի պետական շենք են գրավել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական ToloNews հեռուստաալիքը:
Նրա խոսքով, ծայրահեղականները կիրակի լույս երկուշաբթի գիշերը հարձակում են սկսել երկրաի խոշոր քաղաքներից մեկի՝ Քունդուզի վրա: Նրանց հաջողվել է գրավել մարզային խորհրդի, Խաղաղության բարձրագույն խորհրդի շենքերը, ինչպես նաեւ հիվանդանոցը:
Pajhwok գործակալության փոխանցմամբ, հարձակման հետեւանքով մահացել է 4 խաղաղ բնակիչ, եւս 47-ը վիրավորվել է: Ուժայիններին հաջողվել է ոչնչացնել ավելի քան 20 թալիբների:
Անվտանգության ծառայության առնվազն 4 աշխատակիցներ վիրավորվել են: Չճշտված տվյալների համաձայն, գրոհայինների գործողություններով պայմանավորված քաղաքից տարհանել են Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների աշխատակիցներին:





























