Ցուցարարները Քիշնեւում կարող են ավելի վճռական գործողությունների դիմել, եթե Մոլդովայի նախագահը մինչեւ շաբաթվա վերջ հրաժարական չտա: Այս մասին հայտարարել է Մոլդովայի սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Մասնավորապես նա չի բացառել պետական կառույցների աշխատանքին հակազդեցություն կազմակերպելու հնարավորությունը: «Մենք տարբեր գործիքներ եւ տարբեր սցենարներ ենք նախապատրաստել՝ այդ թվում տարբեր պետական կառույցների, տրանսպորտային կարեւորագույն հանգույցների գործունեությունը սաբոտաժի ենթարկելը»,- հայտարարել է նա:
Ընդ որում Դոդոնը շեշտել է, որ ընդդիմությունը մտադիր է գործել օրենքի շրջանակում: «Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի խուսափենք ապակայունացումից: Դա վատագույն սցենարն է: Ուկրաինական սցենարի կրկնությունը մեզ պետք չէ»,-նշել է սոցիալիստների կուսակցության առաջնորդը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Մոլդովայում ցուցարարները պահանջել են պետության գործող ղեկավարի հրաժարականը: Իգոր Դոդոնը հայտարարել է, որ առաջխաղացման բացակայության դեպքում ցուցարարները կդիմեն «ավելի կոշտ, բայց օրինական մեթոդների»:





























