Ռուսաստանը Ադրբեջանում ներկայություն չունի, Ռուսաստանի ներկայությունը կա միայն Հայաստանում, եւ դա չի բավարարում որոշ ռուսական շրջանակներին, որոնք ցանկանում են ղարաբաղյան հակամարտությունից իրենց շահը պոկել։ Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց համազգային շարժման նախագահ Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն սկսվել է խախտվել։
Նրա խոսքով՝ ներկայիս լարված իրավիճակը մասամբ ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ նա նպատակ ունի շեղել սեփական ժողովրդի ուշադրությունը տնտեսական խնդիրներից։ «Մի բան ակնհայտ է. այսօրվա լարվածությունը աննախադեպ է, դա չհայտարարված պատերազմ է։ ՀԱՊԿ-ն այս կապակցությամբ առհասարակ ոչ մի գնահատական չի տալիս, ինչը զարմանալի է։ Անհասկանալի է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումը»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը սկսում է նմանվել երեխայի, որը չի կարողանում կտրվել մանկական խաղալիքներից։
«Ռուսաստանը փորձում է իր ազդեցության տակ պահել ԽՍՀՄ անկումից հետո ձեւավորված ինքնիշխան պետությունները։ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալուց հետո որոշ շրջանակներ ցանկանում են այնտեղ տեսնել նաեւ Ադրբեջանին։ Դա կարող են անել Հայաստանի հաշվին։ Որոշ ռուսական շրջանակների չի հետաքրքրում, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում կլինի, թե Ադրբեջանի։ Նրանք առաջնորդվում են միայն իրենց քաղաքական շահերով։ Ռուսաստանը պետք է աշխարհին ցույց տա, թե որքան ուժեղ է ինքը, եւ ինչպես է կարողանում սադրել կամ սառեցնել հակամարտությունները։ ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք է, որի շրջանակներում Հայաստանին պարտավոր են օգնություն ցուցաբերել։ Այդ համաձայնագիրը չի գործում։ ՀԱՊԿ-ը դատարկ կառույց է, եւ դա փաստ է։ Որոշ պաշտոնատար անձինք Հայաստանը դիտարկում են որպես ֆորպոստ»,- եզրափակեց Արարատ Զուրաբյանը։




























