Երեւանի կենտրոնում սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասացին «Ազատամարտիկների դաշինքի» մամուլի ծառայությունից:

«Սմբատ Հակոբյանն իրեն արդեն համեմատաբար լավ է զգում եւ ինքը ցանկություն հայտնեց բուժումը շարունակել տանը»,-հայտնեցին մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին եւ Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարել է այն, ապա նրանցից մեկին գրավով ազատ էր արձակել։

Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ կիրառված բռնությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել: