Այս տարի ՀՀ կառավարությունը 200 մլն դրամ, իսկ Համաշխարհային բանկը մոտ 3 մլն դոլար է հատկացրել Գյումրիի տեխնոպարկի ստեղծման համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն պետ Վաչե Կիրակոսյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ տեխնոպարկի ստեղծումը երկարաժամկետ եւ շարունակական ծրագիր է, որի փուլային զարգացումը կտեւի մոտ  5-7 տարի: Նախ՝ կստեղծվի Գյումրիի տեխնոլոգիական կենտորոնը, որտեղ կլինեն ինկուբատոր, կրթական կենտրոն եւ որոշակի մի տարածք՝ շփումների եւ քննարկումների համար: Իսկ հենց տեխնոպարկը շատ ավելի հեռանկարային ծրագիր է, որը կառուցվելու է քաղաքի հյուսիսային մասում` պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին (նաեւ՝ հարակից) տարածքում եւ զբաղեցնելու է 50 հեկտար:

«Տեխնոպարկի հիմնական ուրվագիծն արդեն ունենք, երբ կվերջացնենք բոլոր նախահաշիվներն ու նախագծերը,  եւ ստորագրվի վարկային ծրագիրը, կհայտարարենք մրցույթ՝ շինարարությունն սկսելու համար»,- ասաց Կիրակոսյանը` ընդգծելով, որ շենքի կառուցումը դեռեւս տեխնոպարկի ստեղծում չի նշանակում:

Վ. Կիրակոսյանի խոսքով` Գյումրիի տեխնոպարկում կլինեն ոչ միայն ՏՏ ընկերությունների համար նախատեսված տարածքներ, այլեւ մի շարք ծառայություններ եւ մասնագիտական խորհրատվություններ կմատուցվեն նորաստեղծ ընկերություններին, կիրականացվեն ուսումնական ծրագրեր:

Վ. Կիրակոսյանը նշեց նաեւ, որ Գյումրիի տեխնոպարկի ծրագրի  շրջանակներում քննարկվում է նաեւ ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը: Դրա հիմնական խոչընդոտը «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի բացակայությունն է՝ նախագիծն առայժմ գտնվում է քննարկման փուլում: