Օգոստոսի 25-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը խորհրդակցություն է անցկացրել` Համատիրությունների զարգացման ծրագրի մշակման աշխատանքների կազմակերպական հարցերով: Խորհրդակցությանը մասնակցել են համատիրությունների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, նաեւ համատիրությունների ներկայացուցիչներ:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համատիրությունների զարգացման 5-ամյա ծրագրի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Փաստաթղթի մշակման ժամանակ աշխատանքային խումբը կհիմնվի ՀԲ-ի փորձագետի առաջարկությունների փաթեթի վրա, ով խորհրդատվության նպատակով անցած տարի ժամանել էր Հայաստան, ուսումնասիրել Երեւանում գործող համատիրությունների աշխատանքն ու ձեւավորված մոդելը, ինչպես նաեւ կօգտվի ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից այս ոլորտում խնդիրների բացահայտմանն ուղղված իրավիճակային ուսումնասիրություններից:
Բացի միջգերատեսչական աշխատանքային խմբից, ստեղծվել է մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի փաստաթղթի մշակման, ըստ ոլորտների քննարկման աշխատանքներով: Նախատեսվում է, որ Համատիրությունների զարգացման 5-ամյա ծրագրի նախագիծը 6 ամիս հետո կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
Արմեն Գեւորգյանը նշել է, որ պետք է գտնել հարցի լուծման պետություն-համատիրություն գործընկերային արդյունավետ մոդել, որը կլինի իրատեսական եւ կիրառելի:



























