Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այն կարող է կարգավորվել միայն բանակցությունների սեղանի շուրջ եւ միայն խաղաղ ճանապարհով։ Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ հավելելով, որ դրան են ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ողջ միջազգային հանրության ջանքերը։

«Այնպես որ, ես հույս ունեմ, որ էսկալացիա չի լինի»,- ընդգծել է Իվան Վոլինկինը։ Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել շփման գծում եւ սահմանին, խորին ափսոսանք է առաջ բերում։ «Ես անկեղծ ցավակցում եմ զոհված զինծառայողների ընտանիքներին»,- նշել է ռուս դիվանագետը։ Հարցին, թե հնարավոր է արդյոք մինչեւ տարվա վերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ՌԴ դեսպանը պատասխանեց. «Կարծում ե, որ թեման քննարկվել է Նյու Յորքում երկու երկրների նախարարների հանդիպման ժամանակ։ Սակայն, ցավոք սրտի, արդյունքներից ես տեղյակ չեմ»։

Անդրադառնալով NEWS.am –ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչն է պակասում ԵԱՀԿ Մինսկի խմբին կամ ի՞նչ չի արվում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները կանխելու համար, Իվան Վոլինկինը ընդգծեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը միջնորդ մարմին է, ոչ ավելին։ Կարեւորը, իհարկե, երկու երկրների միջեւ բանակցություններն են»։