«Վերնիսաժի» գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի հարազատներին զարմացնում է, թե ինչպես է դատախազը 2,5 տարվա ազատազրկում պահանջում տուժողի համար: 

«Որդիս այս գործով տուժող է: Երբ մոտեցել է Գոռ Առաքելյանը եւ սկսել ավելորդություններ թույլ տալ, որդիս հեռացել եւ նստել է մեքենան եւ սպասել ընկեր կոչված Ներսեսին: Սակայն նրա փոխարեն մեքենային է մոտեցել Գոռը, բացել դուռը եւ կրակել որդուս վրա: Այսքանից հետո դատախազը չհիմնավորված միջնորդություն է ներկայացնում՝ պահանջելով 2 տարի 6 ամսվա ազատազրկում, մինչդեռ հոդվածը նախատեսում էր նաեւ տուգանք»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ամբաստանյալի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը՝ նշելով, որ դատախազը հաշվի չի առնում նաեւ որդու առողջական վիճակը:

Տիկին Լիայի խոսքով՝ դատախազն անտեղյակ է եղել գործին, ավելի ամբողջ նախաքննության եւ դատաքննության ընթացքում կողմերից եւ ոչ մեկը այնքան ծանոթ չի եղել գործի նյութերին, որ չեն անդրադարձել անհետացած մեքենային, որի մեջ դեպքի պահին եղել է իր որդին. «Մինչդեռ տեսանյութերում պարզ երեւում է, թե ուր է մեզ պատկանող մեքենան, որն այս գործով կարեւոր ապացույց է: Նոր քրեական գործ հարուցեցին, հետո էլ կասեցրին ու փակեցին գործը: 1.5 տարի է՝ դատաքննություն է ընթանում, սակայն ոչ ոք այդպես էլ մեքենային չանդրադարձավ»:

Նշենք, որ դեպքից օրեր անց Վալերիկ Հովհաննիսյանի հարազատները դիմել էին ոստիկանություն՝ հաղորդում տալով, որ իրենց պատկանող BMW X6 մակնիշի ավտոմեքենան:

Վալերիկ Հովհաննիսյանի հարազատները հույս ունեն, որ հոկտեմբերի 1-ին դատարանը կարդարացնի նրան: Անկախ վճռից՝ ամբաստանյալի ընտանիքը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել է Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման: Մյուս ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանի համար դատախազը պահանջել է 2 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանի համար՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: