«Վերնիսաժի» գործով դատախազ Հարություն Սարգսյանը պահանջում է 9 տարվա ազատազրկման դատապարտել գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի  (Յուվեցի Կարո) Գոռ Առաքելյանին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 24-ին դատախազը պահանջեց մյուս ամբաստանյալ  Վալերիկ Հովհաննիսյանին դատապարտել 2 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Իր մեղադրական ճառում դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալների մեղքն ապացուցված է:

Նշենք, որ նախքան դատական նիստը սկսելը դատավորը տեղեկացրեց, որ մեղադրյալներից Վալերիկ Հովհաննիսյանն իրեն վատ է զգացել, նրա համար «Շապօգնություն» են կանչել դատարան, ցավազրկողներ են ներարկել:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: