Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը սեպտեմբերի 29-ին ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանին հանդիսավոր կերպով պարգեւատրել են  ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշանով։

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը բարձրաձայն ընթերցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ստորագրած հրամանը։ «Հայ-ռուսական հումանիտար եւ մշակութային կապերի ամրապնդման գործում նշանակալի անձնական ավանդի համար ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Միսակի Պողոսյանին պարգեւատրել «Համագործակցության համար» կրծքանշանով։ Լինելով հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հետեւողական կողմնակից, ձեր հասարակական եւ բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների պահպանման եւ վերականգնման գործին»,- նշել է դեսպանը իր ելույթում՝ հայ բարերարին մաղթելով քաջառողջություն, անսպառ էներգիա եւ պլանների իրականացում։