ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը կարծում է, որ, եթե Ադրբեջանը շարունակի սադրիչ գործողությունները, ապա պետք է զինադադարի նոր պայմանագիր կնքել։ Լրագրողների հետ զրույցում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Գեղամ Հարությունյանը նշեց, որ հրադադարի պահպանման համար այս մեխանիզմը չի արդարացնում, այդ պատճառով էլ զինադադարի նոր պայմանագրի անհրաժեշտություն կա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով:




























