«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը կապում է աշխարհում տիրող իրադարձությունների հետ։ Լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, նա նշեց, որ սահմանի լարվածությունը կապված է նաեւ առաջիկայում Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների հետ։

«Նաեւ Ադրբեջանը վերջին օրերին թուլություն զգաց, որովհետեւ Պուտինը զբաղված էր Սիրիայի հարցերով, բայց մեծ չափով պատասխան ստացան մեր կողմից։ Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը պատերազմի է միտված, դա նրանց ձեռք չի տալիս»,-ասաց Տիգրան Կարապետյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: