Արտադրողականության, արտադրանքի որակի եւ սննդի անվտանգության չափանիշների զարգացումը՝ զուգորդված շուկայի եւ արտադրանքի դիվերսիֆիկացման ընդլայնման հետ, կարող է բարձրացնել հայկական ձկնամթերքի մրցունակությունը: Այս մասին ցույց է տալիս այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հրապարակված՝ Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի զեկույցում:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ IFC- ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագիրը պատրաստել է ձկնարտադրության ոլորտին նվիրված ուսումնասիրություն, որտեղ մատնանշվում են ոլորտում առկա խնդիրները եւ ներկայացվում են մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկություններ:

«Ձկնամթերքի արտահանման շղթայի ուսումնասիրություն»-ը, լավ գործիք կլինի ինչպես ձկնարտադրության ոլորտի քաղաքականության համար պատասխանատուների, այնպես էլ այդ ոլորտում գործող տնտեսվարողների համար: Այն կարող է օգնել երկրում զարգացնելու ձկնաարտադրությունը եւ խթանելու արտահանումը», - ասել է էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը:

Զեկույցում նշվում է, որ արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի կատարելագործումը եւ բարելավումը կնպաստի ձկնարտադրության ապրանքների մրցունակության բարձրացմանը: Դրանում կարեւորվում են արտահանման շուկաներ դուրս գալու հետ կապված խնդիրների հասցեագրումը, մասնավորապես, սննդամթերքի անվտանգության կատարելագործված գործելակերպերի ներդրումը, մատակարարման շղթայի բարելավումը եւ վարչական խոչընդոտների նվազեցումը:

  1. «Սույն ուսումնասիրությունը նպատակ ունի նպաստելու Հայաստանում ձկնարտադրության ճյուղի ներուժի արդյունավետ իրագործմանը՝ դրանով իսկ խթաններ ստեղծելով տնտեսական զարգացման համար», - նշել է IFC –ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանը: