Ռումինիայի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի անբավարար ձայների պատճառով չեն կարողացել պաշտոնանկ անել վարչապետ Վիկտոր Պոնտային . անհրաժեշտ 275 ձայնի փոխարեն վարչապետի հեռանալու օգտին է քվեարկել միայն 207 պատգամավոր, ութը դեմ է արտահայտվել, հայտնում են ռումինական լրատվամիջոցները:

Ռումինական լրատվամիջոցները նշում են, որ Պոնտային կասկածում են գումարներ լվանալու, փաստաթղթեր կեղծելու եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ: Երկրի դատախազությունը վարչապետին պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել ու նրան դատարան կանչել:

Երկրի նախագահ Կլաուս Յոհաննիսը վարչապետին կոչ էր արել հրաժարական տալ ՝ պատճառաբանելով, որ Ռումինիայում չպետք է լինի կառավարության ղեկավար, ում կասկածում են քրեական բնույթի գործողություններ կատարելու մեջ: Ի պատասխան ՝ Պոնտան հայտարարել էր, որ իրեն կարող է պաշտոնանկ անել միայն Ռումինիայի խորհրդարանը ու խոստացել էր ներկայացնել իր անմեղության ապացույցներ: