Երեւանի Նոր-Նորք թաղամասում նախորդ տարվա հուլիսին արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվողներ Գեւորգ Սարգսյանը («Ջունգլ»), Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, գործով դատական նիստին ամբաստանյալները հայտարարեցին, որ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու դիտավորություն չեն ունեցել:
«Ինքը խփել ա աչքիս, դրանից հետո ես եմ խփել իրան: Հարվածել եմ միայն ես, մեկ անգամ: Դրանից առաջ էլ ես իրան ասել էի, որ ներողություն խնդրի պապիկիցս նրան հարվածելու ու վիրավորելու համար»,- ասաց ամբաստանյալներից Սարգիս Ղուկասյանը:
Մահացածի կինը` Տանյա Մելքումյանը, այնուամենայնիվ, պնդում է, որ Սարգիս Ղուկասյանը հենց առաջինն է հարվածել իր ամուսնուն ու այնպիսի հարվածներ է հասցրել, որոնք մահվան պատճառ են դարձել: Նրա խոսքով՝ ամբաստանյալը ստում է՝ ասելով, թե Վարդան Թումանյանը հարվածել է իր աչքին:
«Եթե Վարդանն իր աչքին հարվածելու հնարավորություն ունենար, հակառակ դերերում կլինեին իրենք: Եթե Վարդանին հասցված հարվածն անսպասելի չլիներ, ինչ սպորտսմեն էլ նա լիներ, Վարդանը նրան կկիսեր: Ինքն էն ուժն ուներ, որ դրա նմաններին մի հարվածով կսատկացներ»,- NEWS.am-ին ասաց Տանյա Մելքումյանը:
Այսօրվա դատական նիստին դատարանը անցավ գործի դատաքննության փուլին՝ մերժելով նախորդ նիստին Վիկտոր Հովսեփյանի պաշտպան Կարեն Մկրտչյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Նշենք, որ պաշտպանը միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ Վիկտոր Հովսեփյանը չի մասնակցել ծեծին, միայն փորձել է բաժանել կռվողներին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդիի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։
Վարդան Թումանյանի մահվան մեջ մեղադրվող երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ): Նրանք ազատության մեջ են:




























