Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանից խարդախությամբ գումար կորզելու գործով դատական նիստի ժամանակ մեղադրյալը հայտարարել է, թե ԵՄ նախկին նախարար Եգեմեն Բաղըշը ցանկանում էր Հայոց պատրիարքարանին պատկանած Սանասարյան հանը վերցներ ու հյուրանոց դարձներ։
Թուրքական BitGun պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 16-րդ դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ մեղադրյալը պնդել է, թե ինքը մինչ 2012-ը աշխատել է Ազգային հետախուզության ծառայությունում, որի ժամանակ է տեղեկացել, որ Էրդողանը արք. Աթեշյանին խոստացել է վերադարձնել Սանասարյան հան անունով շենքը։ «Եթե շենքը հանձնվեր պատրիարքարանին, ապա այն օգտագործելու իրավունք էր ստանալու հենց պատրիարքարանը, իսկ եթե չհանձնվեր, Էգեմեն Բաղըշը ցանկանում էր այն վերցներ ու հյուրանոց դարձներ»,-ասել է արք. Աթեշյանից 6 հազար լիրա շորթած Քեմալ Թայֆուն Նարգինը։
Նշենք, որ արք.Աթեշյանը մի միջոցառման ընթացքում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խնդրել էր աջակցել նախկինում հայերին պատկանած Սանասարյան հանը վերադարձնելու պատրիարքարանին եւ դրական պատասխան ստացել։ Դրանից օրեր անց պատրիարքարան է գալիս Քեմալ Թայֆուն Նարգինը եւ պնդում, որ ինքը վարչապետի աշխատակազմից եւ պատրաստվում են Սանասարյան հանը հանձնել պատրիարքարանին։ Նա պատրիարքական փոխանորդից թղթերի արագ կարգավորման համար պահանջել եւ ստացել է 6 հազար լիրա եւ անհետացել։ Արք. Աթեշյանը հասկացել էր, որ խաբվել է, դիմել էր դատարան։ Ներկայում մեղադրյալը մեկ այ հանցագործություն կատարելու պատճառով գտնվում է բանտում։





























