45 րոպե Սիրիայի մասին, 45 րոպե՝ Ուկրաինայի։ 2013թ. ի վեր առաջին անգամ վերջապես Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հանդիպեցին։ Նրանք իրար ձեռք սեղմեցին, նստեցին նույն սեղանի շուրջ, նրանց միջեւ անմիջական երկխոսություն ընթացավ, սակայն այդ հանդիպումը սրտաբաց չես անվանի։ Այս մասին Süddeutsche Zeitung գերմանական պարբերականում «Հույսի 90 րոպե» վերտառությամբ լույս տեսած հոդվածում գրում է Մաթիաս Քոլբը։
«ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում օրվա իրադարձությունը Պուտինի ու Օբամայի զրույցն էր։ 90 րոպե շարունակ ՄԱԿ գագաթնաժողովում զրուցել են ՌԴ նախագահն ու նրա ամերիկացի գործընկերը։ Սա 2013թ.-ից հետո նրանց առաջին պաշտոնական հանդիպումն էր։ Սակայն երկու առաջնորդների հանդիպումը Նյու Յորքում մտերմիկ չես անվանի, որքան էլ նրանք իրար ձեռք սեղմեն եւ նույն սեղանի շուրջ ճաշելիս բաժակ բարձրացնեն։ Նման հանդիպումն իրոք մեծ անակնկալ էր, քանի որ նախագահների միջեւ փոխադարձ վստահության բացակայությունն ակնհայտ էր։ Եվ ո՛չ Պուտինը, ո՛չ Օբաման չէին փորձում թաքցնել դա, իսկ նրանց բարեկիրթ վարվելաձեւը չէր նվազեցնում օդում նկատվող լարվածությունը»,- գրում է հեղինակը։
































