Հարկավոր է ստուգել, թե Երեւանում որքան ճիշտ է վճարում բիզնեսը ջրի դիմաց: «Երեւան Ջուր» ընկերության 2014-15 ֆինանսական տարվա (հունիս-մայիս) աշխատանքի արդյունքները ներկայացնելիս այս մասին հայտարարեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Պողոսյանը:
«Անհնար է չտեսնել եւ չգնահատել այն դինամիկան, որի շնորհիվ մենք մայրաքաղաքում շուրջօրյա ջուր ունենք: Մի քանի տարի առաջ իմ տանը նույնպես օրական միայն 4 ժամ ջուր կար, հիմա՝ 24 ժամ»,- նշեց Պողոսյանը:
Բայց կան նաեւ խնդիրներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Օրինակ, եթե բնակչության շրջանում բաժանորդների 99%-ը սկսել է նորմալ վճարել ջրի դիմաց, ապա բիզնեսի շրջանում այդ ցուցանիշը շուրջ 90% է: Հետեւաբար, ըստ Արմեն Պողոսյանի, խոսքը կարող է չվճարված շուրջ 100 մլն դրամի մասին լինել:
«Հարկավոր է հասկանալ, թե ինչպես են վճարում ավտոլվացման կետերը, հյուրանոցները, սաունաները: Մի անգամ մենք արդեն մասնակցել ենք այդպիսի դիտարկման, հիմա հարկավոր է կրկնել այն՝ հասկանալու համար, արդյո՞ք այստեղ չարդարացված ջրի կորուստներ կան եւ ինչ ծավալներով»,- հայտարարեց Արմեն Պողոսյանը:
«Երեւան Ջուր»-ը (ֆրանսիական Veolie Generale Des Eaux ընկերության դուստր ձեռնարկություն) 2006 թվականից 10-ամյա պայմանագրով Երեւանի եւ հարակից 31 բնակավայրերի ջրամատակարարումն է իրականացնում: 2016 թվականի հունիսին հանրապետությունում պետք է 5-ամյա ժամկետով միասնական ջրամատակարար օպերատոր ընտրվի:




























