Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվել է ընտանիքով Ադրբեջան փախած Եղիշե Գեւորգյանի գործով դատական նիստը:
NEWS.am-ին Վեդիի նստավայրից, որտեղ քննվում է գործը, հայտնել են, որ հաջորդ նիստի օրը դեռ չի նշանակվել:
Նշենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, որովհետեւ գործով դատախազն արձակուրդում էր:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Եղիշե Գեւորգյանը 2010թ. հունվարի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում կնոջ` Ռուզաննա Մարդանյանի, եւ 3 անչափահաս երեխաների հետ «Երազ» մակնիշի ավտոմեքենայով բարձր արագության տակ մուտք է գործել Արարատի մարզի Երասխավան գյուղի տարածքում գտնվող զորամասի մարտական հենակետի տարածք: Չկատարելով՝ սահմանային նշանների պահանջները, չենթարկվելով հենակետում ծառայություն իրականացնող զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին՝ Եղիշե Գեւորգյանը շարունակել է բարձր արագությամբ շարժվել դեպի Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, որի արդյունքում հատել է այն եւ անցել Ադրբեջանի Հանրապետության տարածք:
Եղիշե Գեւորգյանին եւ նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Եղիշե Գեւորգյանն 8 անգամ դատապարտված է եղել, իսկ սահմանն ապօրինի հատելու պահին նրան կասկածում էին (առանց կասկածյալի կարգավիճակի) ծանր հանցագործության մասնակցելու մեջ:
Գեւորգյանների ընտանիքը Հայաստան է վերադարձել 2014թ. դեկտեմբերի 12-ին:





























