Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
«Թուրքիայում թեեւ ասում են, թե ուզում են հաշտվել մեզ հետ, բայց իրենք իրենց ուզածը Ադրբեջանի միջոցով են անում: Ադրբեջանն առանց Թուրքիայի օգնության այդքան բան չէր կարող անել»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով՝ Ադրբեջանն իր գործողություններով ցանկանում է ոչ թե պատերազմ սկսել, այլ սադրում է Հայաստանին:
«Պատերազմի հոտ չի գալիս, պրովոկացիայի հոտ է: Ադրբեջանն իր հարստությամբ ուզում է ցույց տալ, որ կարող է հարձակվել եւ ոչնչացնել Հայստանին, բայց չի կարող»,- ասաց Կոմանդոսը:
Նա սեպտեմբերի 25-ին Արցախի զարամասերից մեկի պահպանության տեղամասը հրթիռահրետանային արկակոծման ենթարկելու http://news.am/arm/news/287841.html ՝ ադրբեջանական զինուժի գործողությունը ստորություն որակեց:
«Սա Գուրգեն Մարգարյանին կացինով սպանելու նման նենգ արարք էր: Ոչ թե զինվորը զինվորի դեմ էր դուրս եկել, այլ զորամասի վրա էին կրակել, այս դեպքը ոչ մի օրենքի մեջ չի տեղավորվում, ստորություն է, էլ չգիտեն, թե ինչ անել»,- ասաց գեներալ-մայորը:
Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ այդ դեպքից հետո եղել է Արցախի զորմասերում ու համոզվել է, որ զինվորների մարտական ոգին կոտրված չէ. «Զինվորների դուխը տեղն է, ինչպես ամուր մինչեւ հիմա կանգնել են, թող այդպես էլ շարունակեն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով մահացու վիրավորվել էին ՊԲ զինծառայողներ, 20-ամյա Նորայր Խաչատրյանը եւ Ռոբերտ Մկրտչյանը, 18-ամյա Հարութ Հակոբյանը եւ Կարեն Շահինյանը: Մարտակերտի, Ստեփանակերտի եւ Երեւանի հոսպիտալներում գտնվում է 16 վիրավոր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























