Հայաստանը Եվրոպայի խորհրդի հետ նոր ծրագրեր կիրականացնի՝ մասնավորապես քրեակատարողական ծառայողների համար դասընթացներ անցկացնելու հնարավորությունների ու ձեւաչափի հետ կապված: Այս մասին նշվել է սեպտեմբերի 29-ին, ԵԽ Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության եւ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի եւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ:

Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ունեցած համագործակցության ներկայիս մակարդակն ու համատեղ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքի հարցում կարեւորել Միխայիլ Լոբովի ներդրումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի  կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում իրականացվող «Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար»  ծրագրին:

Արփինե Հովհաննիսյանը եւ Միխայիլ Լոբովը քննարկել են նաեւ  համատեղ նոր ծրագրերի իրականացման՝ մասնավորապես քրեակատարողական ծառայողների համար դասընթացներ անցկացնելու հնարավորություններն ու ձեւաչափը:

Մարդու իրավունքների քաղաքականության եւ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար, ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը մեծ փորձառություն ունի քրեակատարողական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում եւ հայ գործընկերների հետ ԵԽ լավագույն փորձը կիսելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: