Հայաստանի Հանրապետությունում խաղաղապահությանը մեծ նշանակություն են տալիս։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն 2015» զորավարժությունների ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
«Հայաստանի Հանրապետությունում մեծ նշանակություն են տալիս խաղաղապահությանը՝ որպես կարեւոր գործիք միջազգային հարաբերություններում լարվածության նվազեցման եւ ճգնաժամերի կարգավորման համար, որոնք մեր անհանգիստ ժամանակներում շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել միջազգային խաղաղության ու անվտանգության համար»,- նշել է Խաչատուրովը։
Նրա խոսքով՝ աշխարհում, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն սահմանակից շրջաններում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական, էթնիկ, տնտեսական, կրոնական եւ այլ հակասությունների հողի վրա հակամարտությունների հավանականությունը շատ բարձր է մնում, եւ դրանց խաղաղ ու պատեհ կարգավորումը առանց խաղաղապահ տեխնոլոգիաների հնարավոր չի թվում։ Հենց դա է նպաստել, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները 2004թ. ստորագրեն ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության ձեւավորման եւ գործունեության կոնցեպտը եւ 2007թ. խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը
«Այսօր մենք գոհունակությամբ նշում ենք, որ ՀԱՊԿ-ում մշտական հիմքերի վրա ստեղծվել են խաղաղապահ ուժեր, որոնց կազմում կան ԶՈւ պատրաստված կոնտինգենտներ, իսկ «Անխախտ եղբայրություն» ամենամյա զորավարժությունը խաղաղապահության նախապատրաստության գլխավոր միջոցառումն է եւ լավ հնարավորություն է տալիս գործնականում փորձարկել գործող եւ մշակվող փաստաթղթերի նախագծերի շատ դրույթներ, իրականացնել այս կամ այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք վերաբերում են այդ ոլորտին»,- նշել է Յուրի Խաչատուրովը։




























