ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որն ընդունվելու դեպքում արտադատական կարգով հնարավոր չի լինի մարդկանց սեփականություն հանդիսացող գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները բռնագանձման ենթարկել:
«Խնդիրն այն է, որ ներկա խմբագրությամբ վարչական մարմինների կայացրած ակտերի հիման վրա քաղաքացիները սեփականազրկվում են՝ առանց իրացնելու լսված լինելու իրավունքն ու հնարավորությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության եւ ՄԻԵԿ մակարդակով»,- նշել է Մարուքյանն ու հավելել. «Անհամաձայնության դեպքում քաղաքացին ինքը պետք է դիմի վարչական դատարան՝ բողոքարկելով վարչական մարմնի կայացրած ակտը, այնինչ վարչական դատավարության օրենսգիրքը հայցադիմումի կազմման այնպիսի պայմաններ է առաջադրել, որ իրավաբանական կրթություն չունեցող միջին վիճակագրական քաղաքացու կողմից այն կազմվելու դեպքում հնարավոր է, որ անգամ վարույթ ընդունվելու փուլը չհաղթահարի»:
Նրա խոսքով՝ փաստորեն վարչական մարմնի բեռը դրվում է քաղաքացու վրա, այնինչ քաղաքացին վճարում է հարկ, որպեսզի վարչական մարմիններն իրեն համապատասխան ծառայություններ մատուցեն:
«Արդեն մի քանի տարի է, ինչ արդարադատության նախարարությունն իր առջեւ գերխնդիր է դրել բեռնաթափելու դատարանները, սակայն կիրառված մեթոդը բոլորովին չի արդարացվում այդ նպատակով, քանի որ դատարանների բեռնաթափման հաշվին զանգվածային ոտնահարման են ենթարկվում հատկապես իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիների իրավունքները, եւ նրանց հաշվին լցվում է պետական բյուջեն, հարկադիր ծառայության արտաբյուջետային հաշիվը, ինչպես նաեւ սնվում են ճանապարհային երթեւեկության որոշ կանոնների խախտման համար գանձվող տուգանքներից բաժին ստացող մասնավոր եւ այլ կառույցներ:
Նախագծերի փաթեթով վարչական օրենսդրությունը վերադարձվում է նախկին՝ իրավաչափ խմբագրությանը, որով տուգանքի դիմաց գույքի բռնագրավում եւ/կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների իրավունքները վերացվում են»,-ընդգծել է պատգամավորը:




























