Սեպտեմբերի 30–ի կեսօրից ապահովվել է սեպտեմբերի 21-ին Երեւանի կենտրոնում ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանի անձնական անվտանգությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Ազատամարտիկների դաշինքի» մամուլի ծառայությունից:
«Քանի որ արդեն ապահովված է Սմբատ Հակոբյանի անձնական անվտանգությունը, վաղը նա հանդես կգա կարեւոր հայտարարությամբ»,-ասացին մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Սմբատ Հակոբյանը իր անձնական անվտանգությունն ապահովելու խնդրանքով Երեւանի Կենտրոնի քննչական բաժնի պետին էր դիմել երեք օր առաջ։ Նա հայտարարել էր, որ մինչեւ չապահովվի իր անձնական անվտանգությունը, ինքը որեւէ ցուցմունք չի տա եւ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրի, որեւէ հայտարարությունն չի անի:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին եւ Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարել է այն, ապա նրանցից մեկին գրավով ազատ էր արձակել։
Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ կիրառված բռնությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում:




























