Հայաստանի մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է. Հրապարակվել է Համաշխարհային մրցունակության զեկույցը…

Հրապարակվել է 2015 թվականի Համաշխարհային մրցունակության զեկույցը, որի համաձայն Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։

ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 17 կետով առաջընթաց է արձանագրվել հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշով:

Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 88-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ մեր երկիրը այս ցուցանիշով գերազանցում է տարածաշրջանի մյուս պետություններին: Օրինակ, Վրաստանը ցանկում զբաղեցնում է  116-րդ, իսկ Ադրբեջանը՝  113-րդ հորիզոնականը։

Մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցությունը բնութագրող ցուցանիշով Հայաստանն իր դիրքերը բարելավել է 14 կետով:

Տվյալ երկրում տնտեսական մրցակցության իրավիճակի կարեւոր բնութագրիչներից մեկը համարվում է մրցակցային դաշտի վրա գերիշխողների ազդեցությունը: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը։  Տարածաշրջանի մյուս երկրներն այս ցուցանիշով եւս զիջում են Հայաստանին. Ադրբեջանը զբաղեցնում է 85-րդ, իսկ Վրաստանը՝ 88-րդ հորիզոնականը։

Համաշխարհային մրցունակության զեկույցը յուրաքանչյուր տարի հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից եւ հանդիսանում է աշխարհի երկրների մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը։ Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության, ինչպես նաեւ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների գծով։