Երեւանի մետրոպոլիտենի շահերը ներկայացնող կողմն այդպես էլ որեւէ կերպ չի կարողացել ապացուցել, թե ինչ հիմքով է ազատել իր 3 աշխատակիցներին: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մետրոպոլիտենի 3 հեռացված աշխատակիցների շահերը պաշտպանող «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Քրիստինա Գեւորգյանը:
«Պատասխանող կողմն այդպես էլ որեւէ հիմք չի կարողացել ներկայացնել, թե ինչու է ազատել իր 3 աշխատակիցներին: Դատարանն էլ դա հիմնավորված է համարել, որ աշխատակիցների կողմից որեւէ թերացում չի նկատվել, նմանատիպ որեւէ ապացույց չի ներկայացվել:Ամբողջ ընթացքում պատասխանող կողմը պնդում էր, որ թերացումներ է եղել աշխատակիցների կողմից, սակայն կոնկրետ ապացույցներ այդպես էլ չներկայացրեց»,-ասաց փաստաբանը:
Նրա նշեց, որ Վերաքննիչ բողոք 2 հիմքով են ներկայացրել՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին վերականգնել աշխատանքի եւ փոխհատուցել նրանց աշխատավարձերը ոչ թե 5-ապատիկի, այլ 12-ապատիկի չափով:
«Առաջին ատյանի դատարանում վճիռ էր կայացվել անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու հրամանները, սակայն աշխատանքի չվերականգնել, քանի որ մետրոպոլիտենի հաստիքացուցակում կրճատումներ են եղել: Չվերականգնելու դիմաց աշխատակիցների աշխատավարձերի հնգապատիկի չափով փոխհատուցել եւ բավարարել հարկադիր պարապուրդի ողջ գումարը: Սակայն մենք կարծում ենք, որ դատարանի կողմից հատուկ ձգձգվել էր դատական նիստերը, որպեսզի պատասխանող կողմը հիմքեր ստեղծի աշխատանքի չվերականգնելու համար»,-ասաց նա:
Փաստաբանը պնդում է, որ Վճռաբեկ դատարանով նմանատիպ որոշում կա, որ եթե նունիսկ աշխատակցի տեղը զբաղեցված է, նրան պարտավոր են վերականգնել աշխատանքի:
«Դատարանը եւս ընդունեց, որ սանդուղքավարների հաստիքները դեռեւս պահպանվում են, սակայն այլ անձինք են այնտեղ աշխատում: Մենք պահանջել ենք վերականգնում, քանի որ Վճռաբեկ դատարանի մեկ այլ գործով որոշում կա, որ եթե նույնիսկ մեկ այլ անձ է զբաղեցնում պաշտոնը, դա հիմք չի տալիս աշխատողին կրճատել»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում արգելել են տեսանկարահանել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ պատասխանող կողմը դեմ է:
Հաջորդ դատական նիստին, որը կկայանա հոկտեմբերի 15-ին, կհրապարակվի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ մետրոպոլիտենի երեք աշխատողները աշխատանքից ազատվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ, որը կիրառվել է ղեկավարության կողմից որպես «պատիժ»` նրանց բացառապես 2014թ. փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ցույցին մասնակցելու եւ մետրոպոլիտենի 67 աշխատողների հետ կուտակային համակարգի դեմ ղեկավարությանը դիմում ներկայացնելու պատճառով:




























