ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղյակ չէ՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքին, թե ոչ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը չգիտի նաեւ՝ մասնակցելու դեպքում ՀԱԿ առաջնորդը ելույթ կունենա, թե ոչ:
«Չեք անցկացնի» նախաձեռնությունից մեզ հայտնեցին, որ հանրահավաքին ՀԱԿ-ից ելույթ են ունենալու Արամ Մանուկյանը եւ Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթ ունենալու հարցը դեռ որոշված չէ:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:
Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային սկսվել են նախագծի քննարկումները: Ըստ ԱԺ նախագահի՝ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչեւ աշնան վերջ:





























