«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը 18 քաղաքացիներից վերցնելով 155 միլիոն դրամ՝ Բաբաջանյան 25/1 նորակառույց շենքում նրանց բնակարաններ տրամադրելու պայմանով, շենքը դեռ չկառուցած` այն վաճառել է «Էսկո կոնցեռն»  ընկերությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տուժած քաղաքացիներից Ռուզաննա Վարդանյանը։ Նա նշեց, որ «Նորաշեն 2007» ընկերության տնօրինությունը խարդախության համար դատապարտվել է ՝ 5 եւ 6 տարի ազատազրկման, ընկերությունն էլ սնանկ ճանաչվել:

Խաբված քաղաքացիներն իրենց բնակարաններն ակնկալում են «Էսկո կոնցեռն» կազմակերպությունից, որը սակայն  գումար չունի շենքը կառուցելու համար։ Ռուզաննա Վարդանյանի խոսքով՝ ընկերությունը խոստացել է բնակելի շենքը կառուցելու դեպքում բնակարան տրամադրել 18 քաղաքացիներին՝ ինքնարժեքով։ 

«Կառավարությունից խնդրում ենք, որպեսզի աջակցի ` «Էսկո կոնցեռնին» շենքը կառուցելու համար վարկ վերցնելու հարցում։ Դիմում ենք գրել կառավարությանը այս խնդրանքով, սպասում  ենք պատասխանի»,-ասաց Ռուզաննա Վարդանյանը։

«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը իր գործունեությունը սկսել է 2007 թ., Երևանում 3 շինություն է կառուցել՝ Գեւորգ Չաուշի 37, Գեւորգ Չաուշի 14/3 եւ Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։