2011 թվականի հունիսի 4-ից մինչեւ նոյեմբերի 27-ը Վենետիկում կանցկացվի «Տիեզերքը տիեզերքում» խորագիրը կրող 54-րդ բիենալեն, որտեղ հայկական տաղավարը Մշակույթի նախարարության որոշմամբ, ներկայացնելու է կոմիսար Վիկտոր Մնացականյանն ու համադրողներ Արմինե Անտիկյանը, Վարդան Ազատյանը, Ռուբեն Արեւշատյանը եւ Նազարեթ Կարոյանը։

Օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ համադրող Նազարեթ Կարոյանն ասաց, որ Հայաստանը բիենալեի ժամանակ տաղավար կունենա Մուրադ Ռաֆաելյան վարժարանում եւ կփորձի նաեւ տաղավար ձեռք բերել Վենետիկի զենքերի եւ նավերի նախկին պահեստատեղի Արսենալեում։

«Բովանդակային առումով, մենք այս տարի փորձ ենք անելու աշխատել որոշակի համատեքստերի հետ, որոնք առնչվում են Հայաստանի թե' ներկային, թե' անցյալին։ Փորձելու ենք խոսել այդ իրականության մասին արտիստական եւ քննադատական տեսանկյունից»,-նշեց համադրող Ռուբեն Արեւշատյանը՝ հավելով, որ տաղավարի բովանդակությունը դեռ ամբողջական չէ եւ  քննարկման ընթացքում է։

54-րդ Բիանելեի հայկական տաղավարի համադրող Վարդան Ազատյանն էլ իր հերթին հավելեց, որ տաղավարներում անընդհատ ակտիվություն եւ աշխուժություն ապահովելու համար կազմակերպելու են քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց կհրավիրվեն մտավորականներ եւ արվեստի գործիչներ։

Նշենք, որ Հայստանը բիենալեին մասնակցում է 1995 թվականից սկսած։