Երեւանի քաղաքապետարանի առջեւ հավաքված Կոմիտաս 5ա , 3, 7 եւ 7/1 շենքի բնակիչներին, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դեմ, բողոքելով իրենց բակում ծառերը կտրելու եւ էլեկտրական ենթակայան կառուցելու դեմ, չի հաջողվել հանդիպել քաղաքապետ Գագիկ բեգլարյանի հետ։ Փոխարենը նրանց ընդառաջ է դուրս եկել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեց Կոմիտաս 5ա շենքի բնակչուհի Գոհարը։
«Ճարտարապետն ասաց, որ շենքի կողքին բարձր լարման էլեկտրական ենթակայան կառուցելու թույլտվություն կա եւ այն համապատասխանում է սահմանված նորմերին ու փորձաքնություն է անցել, սակայն քանի որ մենք դժգոհ ենք, որ այն պետք է շենքի հարեւանությամբ կառուցվի, ապա նորից փորձաքննություն կանցկացնեն եւ մեզ հետ համաձայնեցնելով առաջ կգնան»,-ասաց Գոհարը՝ հավելելով, որ իրենք վճռական են տրամադրված եւ չեն թողնի, որ շենքի հարեւանությամբ, կանաչապատ տարածքում էլեկտրակայան կառուցվի։ Նրա խոսքով, ճարտարապետը խոստացել է իրենց ցույց տալ բոլոր փաստաթղթերը, որից հետո իրենք կորոշեն իրենց հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ այսօր շենքի բնակիչերը հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի առջեւ եւ բողոքում էին իրենց բակի ծառերը կտրելու եւ այնտեղ էլեկտրական ենթակայան կառուցելու դեմ։ Նրանք նաեւ պահանջում էին հանդիպել քաղաքապետի հետ։ Նշենք նաեւ, որ այդ տարածքում հին ենթակայանը տեղափոխում են, որպեսզի տեղում 14 հարկանի շենք կառուցեն:




























