2010-2011 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու նպատակով հանրապետության մարզերում եւ Երեւանում օգոստոսի 25-ից մեկնարկել են հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնական տարվա նախաշեմին Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն անցկացնելու եւ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով մարզ են մեկնել կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզի ուսումնական հաստատությունների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել, որի համաձայն, մարզում գործում է 104 դպրոց, որից 59-ը` միջնակարգ, 31-ը` հիմնական, 11-ը` ավագ: Այս տարի ընդհանուր դասարանների թիվը նվազել է 17-ով, մինչդեռ արձանագրվել է առաջին դասարանցիների թվի աճ. նախորդ տարվա 3389 երեխայի փոխարեն այս տարի դպրոց կհաճախի 3400 առաջին դասարանցի: Որպես մարզի հիմնախնդիրներ` մարզպետը նշել է աշակերտների թվի հավելագրման, մանկավարժների` ժամանակակից մեթոդների տիրապետման եւ դրամահավաքության խնդիրները:

Ա. Աշոտյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոչ միայն կրթական բարեփոխումներին վերաբերող բազում հարցեր, այլ նաեւ ուրվագծել ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում նախանշվող ծրագրերը: Նա նաեւ նշել է, որ պաշտպանության նախարարության հետ այս ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են բազմաթիվ նոր ծրագրեր:

Անդրադառնալով մարզերի կրթական խնդիրներին` Ա. Աշոտյանը դրանք բաժանել է երկու տեսակի` համընդհանուր, որոնք բնորոշ են կրթական համակարգին առհասարակ` կառավարման որակ, մանկավարժների աշխատավարձ, ժողովրդագրական ցուցանիշների պատճառով համապատասխան դրույքային փոփոխություններ, տեխնիկական հագեցվածության, դպրոցի շենքային պայմանների, վերանորոգման հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ յուրաքանչյուր մարզին հատուկ խնդիրներ: