Սահմանադրական բարեփոխումների նախագիծն ընդունելու դեպքում Հայաստանը ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական երկիր կդառնա: Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորր Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորի խոսքով, իշխանության երեք ճյուղերի միջեւ հավասարակշռությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին կուսակցության առաջարկը չի ընդունվել: «Մենք ուզում ենք, որ երկրի նախագահի, վարչապետի ու Ազգային ժողովի խոսնակի լիազորությունների միջեւ այնպիսի հարաբերակցություն պահպանվի, որ նրանք հավասարակշռեն միմյանց: Սահմանադրական բարեփոխումների ներկա նախագծում նման համակարգ չկա: Մեքենան որքան էլ գեղեցիկ լինի՝ եթե դրա անիվները հավասարակշռված չեն, այն շատ արագ շարքից դուրս կգա »,- նշեց Մարգարյանը: Պատգամավորը նաեւ հավելեց, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում չի հաջողվել ամրագրել այն դրույթը, որի շնորհիվ հնարավոր կլիներ վերացնել երկրում առկա քաղաքական մենաշնորհը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը ու համաձայնություն է տվել, որ պետության ղեկավարը այն հանրաքվեի դնի: Ներկա 121պատգամավորներից «կողմ» են քվեարկել 104-ը, «դեմ»՝ 10-ը, իսկ ձեռնպահ՝ 3-ը: