Ստամբուլում, սեպտեմբերի 1-ին կայանալիք Ջիվան Գասպարյանի հետ համերգը չեղյալ հայտարարելու հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել թուրք երաժիշտ Յավուզ Բինգյոլը։
Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ Յավուզ Բինգյոլը հայտնել է, թե աշխարհի խաղաղության օրը՝ սեպտեմբերի 1-ին, Ջիվան Գասպարյանի հետ համատեղ համերգը անհայտ պատճառներով համերգի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել։ «Ջիվան Գասպարյանի հետ մեր համերգը պետք է տեղի ունենար մարտի 1-ին, սակայն Գասպարյանի երաժիշտներից մեկի մայրը առողջական խնդիրներ էր ունեցել եւ համերգը հետաձգվեց ապրիլի 24-ին, սակայն այդ օրն էլ Հայոց ցեղասպանության օրն է եւ համերգը հետաձգեցինք սեպտեմբերի 1-ին՝ խաղաղության օրը»-նշել է Յավուզ Բինգյոլը։
Թուրք երաժիշտն իր խոսքում հիշեցրել է, որ Ջիվան Գասպարյանը համերգին նախապատրաստվելու համար ԱՄՆ-ից վերադարձել էր, սակայն համերգի կազմակերպիչները առանց պարզաբանում տալու հայտարարել են, որ համերգը տեղի չի ունենալու։ «Ես պահանջում եմ պարզաբանում տալ, թե ի՞նչ պատճառաբանությամբ է համերգը չեղյալ հայտարարվել, քանի որ տուժել ենք թե’ ֆինանսապես, թե’ բարոյապես»-հավելել է Յավուզ Բինգյոլը։
Թուրք երաժիշտը խոսել է նաեւ սեպտեմբերի 12-ին, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից կազմակերպած սահմանադրական հանրաքվեի մասին, նշելով, որ ինքը բոյկոտելու է այն եւ չի մասնակցելու քվեարկությանը։



























