Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել սեփական հասարակությանը: Այս մասին հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ ճեպազրույցներում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Բավական է մեկ հպանցիկ հայացք նետել երկրի քաղաքական դաշտի վրա, որպեսզի հասկանանք՝ սահմանադրական բարեփոխումները պաշտպանում են միայն Սերժ Սարգսյանը, որն ուզում է երկարացնել իր իշխանությունը, Սահմանադրության հարցերով հանձնաժողովի նախագահ  Գագիկ Հարությունյանը, ով հայտնի է Վենետիկի հանձնաժողովին կաշառելու փորձերով, նաեւ ՀՅԴ-ն որը հայտնի է նրանով,  որ ժամանակին խորհրդարանական հանրապետությունը բռնապետության է վերածել: Եվ մի քանի մանր մունր ուժեր, որոնց կամ կաշառել են, կամ էլ վախեցրել: Իսկ դեմ է Հայաստանի մնացած ամբողջ հասարակությունը, որին Սարգսյանը պատերազմ է հայտարարել»,- ասել է Զուրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ հաստատել էր սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այն ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Նախագահը հանրաքվեի օր է նշանակել դեկտեմբերի 6-ը: