Աշխատանքից հեռացված 29 դասախոսներն այլեւս մեր աշխատակիցները չեն եւ նրանց մասին տվյալները, այդ թվում՝ նրանց հեռախոսահամարները, ձեզ տրամադրել չենք կարող, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, երբ մենք խնդրեցինք վերջիններիս հեռացման հարցը բազմակողմանիորեն լուսաբանելու համար տրամադրել նրանցից գոնե մեկնումեկի կոնտակտները:
Համալսարանի ներկայացուցչի խոսքով, 29 դասախոսներին բուհից հեռացնելու փաստի մանրամասներն արդեն իսկ ներկայացված են համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկի տարածած հաղորդագրության մեջ։ «Ավելին ասել չենք կարող»,- նշեց համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտորը։
Դիտարկման, թե այդ դասախոսներից մեկնումեկի տվյալները տրամադրելով նա կօգներ տեղեկանալ նաեւ գործի մյուս կողմի փաստարկներին, համալսարանի ներկայացուցիչը նկատեց։ «Նրանց գտնելը Ձեր խնդիրն է»։
Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը բուհում ծագած խնդիրներին եւ ինչ դիրքորոշում ունի հարցի վերաբերյալ, Նավոյանն ասաց, որ վերջինս զերծ է մնացել կատարվածի վերաբեյալ գնահատականներ տալուց։
Ամփոփելով՝ Արայիկ Նավոյանը տեղեկացրեց, որ աշխատանքից հեռացված բոլոր դասախոսները դիմել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ «Հայցն ընդունված է, գործը՝ վարույթում։ Սպասենք, տեսնենք։ Դատարանից ծանուցում ենք ստացել նաեւ մենք։ Սակայն նշված չէ, թե երբ պետք է ներկայանանք դատարան»,- ավարտեց նա։
Նշենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ որոշ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ` այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով դասախոսներին:




























