Օգոստոսի 25-ին, ժամը 21.00-ին, 43-ամյա Զարուհի Ե.-ն ոստիկանության Չարենցավանի բաժնում հայտնել է, որ ժամը 00.10-ի սահմաններում ընկերուհու` Էլիզայի հետ Դիլիջանից Երեւան ուղեւորվելու նպատակով «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա են նստել եւ Սեւան-Երեւան ճանապարհի 32-րդ կմ-ին ընթրել, ինչի ընթացքում ոգելից խմիչք են օգտագործել: Սթափվելով` Զարուհի Ե.-ն հայտնաբերել է, որ գողացել են իր ոսկյա զարդերը` պատճառելով 10.000 եվրոյի նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 31-ամյա Դավիթ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Ա.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: