Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի միջեւ որեւէ հակասություն չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Սահակյանի մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե նրանց միջեւ կոնֆլիկտ կա:

«Նույն թիմի անդամներ են, հակասություն չունեն: Նորմալ հարաբերություններ ունեն, միմյանց հետ էլ արդյունավետ աշխատում են»,- ասաց Մարգարիտ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա նոյեմբերին կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ Գայուստ Սահակյանի որդուն՝ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հրապարակավ կոպտել էր: Այս տարվա հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ վարչապետը կրկին կոպիտ էր խոսել Արման Սահակյանի հետ՝ նրան նկատողություն անելով եւ հորդորելով չալարել եւ խոսել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Հովիկ Աբրահամյանը պատժում է Սահակյանին այն հայտարարության համար, թե Հովիկ Աբրահամյանն իրեն չի կարող նկատողություն անել: