Ծառից կախված՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ որոշման՝ մեղադրող՝ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ՝ Ա.Սարգսյանը միջնորդել է Էդգար Միքայելյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝  նրա մահվան պատճառով: Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ քրեական գործի վարույթը ամբաստանյալ Էդգար Միքայելյանի մասով կարճել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 24-ին Քանաքեռավանում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանի դին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը կրթահամալիրից յուրացրել է ավելի քան 22 մլն դրամ

Էդգար Միքայելյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կրթահամալիրի գլխավոր հաշվապահ Շամրիկ Պապիկյանին՝ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Գործը քննվում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նշենք, որ Միքայելյանը նախկինում դատապարտված է եղել: