Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններում դառնալ հանրապետականների թեկնածուն, ցանկանում է, որ ամերիկյան գաղտնի ծառայությունն արդեն հիմա իրեն թիկնազոր տրամադրի: Այս մասին Թրամփը հայտնել է Hill թերթին տված հարցազրույցում:
«Անձամբ ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ ներկա նախագահ Բարաք Օբաման 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նույնպիսի լավ արդյունքներ ցուցադրեր, ինչպես ես եմ հիմա ցուցադրում, ապա նա Գաղտնի ծառայության թիկնազոր ավելի շուտ կունենար»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ ներկա քարոզարշավի բոլոր հանրապետական մասնակիցների մեջ ինքն ամենաշատ կողմնակիցներն է հավաքում հանդիպումների ժամանակ:
Թրամփն ու նրա անձնական թիկնապահները պնդել են, որ Գաղտնի ծառայության հետ այս հարցով արդեն նախնական խորհրդակցություններ են անցկացվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իր հերթին Գաղտնի ծառայությունում պնդել են, որ Թրամփի նախընտրական շտաբն այդ հարցով պաշտոնապես իրենց չի դիմել: Նման պահանջ ստանալու դեպքում Գաղտնի ծառայությունում խոստացել են քննարկել այն եւ տեղեկացնել սահմանված կարգով:




























