Ասանժը կարող է ցանկացած պահի դուրս գալ դեսպանատնից, բայց նրան ձերբակալելու եվոպական օրդերը շարունակում է ուժի մեջ մնալ...
Էկվադորի իշխանությունները Մեծ Բրիտանիային խնդրել են թույլ տալ, որ «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշ ժամանակով դուրս գա դեսպանատնից՝ բուժզննում անցնելու նպատակով: Այս մասին հաղորդագրությունը զետեղվել է Էկվադորի ԱԳՆ կայքում հոկտեմբերի 15-ին:
Էկվադորի ԱԳՆ ղեկավար Ռիկարդո Փաթինյոն դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ խնդրելով բուժզննում անցնելու նպատակով թույլ տալ, որ Ջուլիան Ասանժը լքի դեսպանատան տարածքը ու երաշխավորել, որ նրան չեն ձերբակալի: Ավելի վաղ Ասանժը ասել էր, որ արդեն երեք ամիս է ուժեղ ցավեր է զգում աջ ուսի հատվածում:
«Մեծ Բրիտանիայի պատասխանում ասված է, որ Ասանժը կարող է ցանկացած պահի դուրս գալ դեսպանատնից՝ անհրաժեշտ բուժզննում ստանալու համար, բայց նրան ձերբակալելու եվրոպական օրդերը շարունակում է ուժի մեջ մնալ: Նա կարող է դուրս գալ, բայց նրան կձերբակալեն»,- ասել է Փաթինյոն մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է «Դոժդ»-ը:
«Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից, քաղաքական ապաստան տրամադրելու իր խնդրանքից հետո: Շվեդիայում նրան կասկածում են բռնաբարության մեջ:
2010թ. Ասանժը «Վիքիլիքս» կայքում ավելի քան 700 հազար գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մասին , նաև ՝ չինովնիկների դիվանագիտական նամակագրությունը:





























