Միջազգային ասպարեզում Եվրասիական տնտեսական միության հեղինակությունն աճում է: Այս մասին հոկտեմբերի 15-ին Աստանայում իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Այսօր ԵՏՄ-ն ընդլայնվում է, նվաճելով հարգանք ու հեղինակություն միջազգային ասպարեզում: Կարծում եմ ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք »,- շեշտել է Ղազախստանի նախագահը, որի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը:

Ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ տնտեսական խնդիրները մեղմելու համար պետք է օգտագործել ԵՏՄ ստեղծման առավելությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ընթացիկ անկումը բացատրելի է:Սա ժամանակավոր երեւույթ է, որը պայմանավորված է համաշխարհային զարգացման ցիկլայնությամբ ու մեր էներգակիրների, արտահանվող ապրանքատեսակների գների անկումով »,- ասել է Նազարբաեւը:

«Դրա հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է օպերատիվ եւ համակարգված միջոցառումներ ձեռնարկել թե ազգային մակարդակով, թե ԵՏՄ շրջանակում: Տնտեսական խնդիրները մեղմացնելու համար պետք է օգտագործել պաշարները, Եվրասիական տնտեսական միության ստեղծման առավելությունները»- հավելել է նա: