«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների թիվը հասել է 50-ի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ ավելացնելով, որ հացադուլավոր դատապարտյալների վիճակը բավարար է գնահատվում:

Նշենք, որ հացադուլի առաջին օրը ցմահ դատապարտյալների թիվը 45 էր: Ցմահ դատապարտյալները անժամկետ հացադուլով պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը: Նույն պահանջով ցմահ դատապարտյալները բաց նամակ էն ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր՝ հոկտեմբերրի 15-ին, հավաքվելու են կառավարության շենքի առջեւ եւ պահանջելու են հանդիպում վարչապետի, Արդարադատության նորանշանակ նախարարի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ։ Պահանջը չկատարելու դեպքում ցմահ դատապարտյալների հարազատները սպառնում են նստացույց եւ հացադուլ սկսել: