Առողջապահության նախարարությունն արդեն քննչական մարմնին փոխանցել է Երեւանի «Շենգավիթ» ԲԿ-ից հուլիսի 27-ին ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով կատարված ներքին քննության եզրակացությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

«Թեեւ առողջապահության նախարարությունը խոստացել էր, որ կարող ենք ծանոթանալ ներքին քննության եզրակացությանը, Քրեադատավարական օրենսդրությամբ մենք կարող ենք ծանոթանալ եզրակացությանը միայն նախաքննության ավարտից հետո: Մենք դժգոհություն չենք հայտնում, բխում է օրենքից»,- ասաց Մարինե Թովմասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մարինե Թովմասյանը մեզ հետ զրույցում դժգոհություն էր հայտնել, որ նախարարությունը ձգձգում է ներքին քննության արդյունքները ուղարկելու գործընթացը: 

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն 2015թ. հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա: