Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով երրորդ կողմ ներգրավվելիս Հայաստանն ակնկալել է ՄԻԵԴ-ի վճռից հանել Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող դատողությունները եւ դրա համար բավարար ապացույցներ է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը` ընդգծելով, որ հայկական կողմի միակ ակնկալիքն է դատավարությունից։

«Վճռում այնպիսի գնահատականներ կան, այնպիսի դատաղություններ են արվում, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ մեզ համար անընդունելի են»,- ասաց նա:

Արման Թաթոյանի խոսքով` հայկական կողմը հիմնավորել է նաեւ, որ եթե Եվրոպական դատարանը նորմալ է համարում Հոլոքոստը ժխտելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելը, քանի որ դրա վերաբերյալ կան այնպիսի փաստեր, ինչպիսիք են գազային խցերի առկայությունն ու կոնկրետ հրամանները, ապա Հայոց ցեղասպանության դեպքում էլ փաստերը քիչ չեն, եւ դրանք պետք է հաշվի առնել:

«Մենք ներկայացրել ենք վկայություններ, ակնատեսների լուսանկարներ, ու էլի բազմաթիվ ապացույցներ»,- ասաց նա:

Նշենք, որ դատավճիռը կհրապարակի այսօր` հոկտեմբերի 15-ին, ժամը 13։45–ին։

Այս կապակցությամբ Ստրասբուրգ է մեկնել Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ 2013թ. Եվրոպական դատարանի ստորին պալատը որոշել էր, որ Շվեյցարիայի դատարանի վճիռը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10–րդ հոդվածի ոտնահարում է։ Շվեյցարիայի կառավարությունն իր հերթին դիմել էր ՄԻԵԴ` գործը ՄԻԵԴ Մեծ պալատ փոխանցելու խնդրանքով, որը 2014թ. բավարարվել էր։ Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները։

ՄԻԵԴ ստորին պալատի վճռում Հայոց ցեղասպանությունը բնութագրվել էր որպես պատմական վիճելի փաստ, ինչն էլ որպես երրորդ կողմ վիճարկում է Հայաստանի Հանրապետությունը։ ՄԻԵԴ-ում մեր երկրի իրավունքները պաշտպանել են հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Ռամզի Կլունին, Թոբի Քոլիսը: