Հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում միջադեպերի քննության հիմնական խնդիրն այն է, որ չկան հստակ մեխանիզմներ, որոնք կպարզեն, թե որոնք են էսկալացիայի սկզբնապատճառները։ Այս մասին հոկտեմբերի 15-ին՝ Երեւանում Գերմանիայի վերամիավորման 25-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով այդ դիտարկմանը, թե ինչո՞ւ միջազգային հանրությունը չի դատապարտում ադրբեջանական ագրեսիան։
Դեսպանը նշեց, որ շատ կարեւոր է մեղմել լարվածությունը։ «Շատ կարեւոր է, որ կողմերը վերադառնան այն նախկին վիճակին, որտեղից կարելի է սկսել բանակցությունները։ Մենք ողջունում եւ բարձր ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը։ Հիմնական խնդիրն այն է, որ չկան մեխանիզմներ, որոնք կպարզեն, թե որոնք են սահմանին եւ շփման գծում իրավիճակի լարման սկզբնապատճառները։ Իրականում գործնականում պետք է աշխատել հենց այս ուղղությամբ»,- նշեց դեսպանը։
Մաթիաս Քիսլերի կարծիքով նախագահների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդիպումները շատ կարեւոր են այդ լարվածության թուլացման գործում։ «Գերմանիան անմիջապես ներգրավված չէ նման հանդիպումներ կազմակերպելու գործընթացի մեջ։ Սակայն մենք կարծում ենք, որ այդ հանդիպումները դա շատ կարեւոր են լարվածությունը թուլացնելու համար»,- հավելեց դիվանագետը։




























